Ոստիկանության գվարդիայի մեկնարկը. Փաշինյանի մասնակցությունը
Գրանցվել
Գրանցվել
Մեկնարկեց Ոստիկանության գվարդիայի ծառայությունը
1 ՆՈՅ 2025 09:56
Մեկնարկեց Ոստիկանության գվարդիայի ծառայությունը

Մեկնարկեց Ոստիկանության գվարդիայի ծառայությունը

1 ՆՈՅ 2025 09:56
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։ Վարչապետը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև այժմ իրենց իրականացրած ծառայության համար. «Այսօրվանից մենք պատմության նոր էջ ենք բացում և մեր ակնկալիքն է, որ Ոստիկանության գվարդիան կլինի որակական նոր ծառայություն և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ քաղաքացիների, և՛ հենց իրենց ծառայողների համար: Եվ, իհարկե, սա կարևոր մի փուլ է Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի բարեփոխումների համար»:
Կրկին շնորհակալություն հայտնելով Ոստիկանության գվարդիայի ծառայողներին նախընթաց շրջանում ծառայության համար՝ վարչապետը հաջողություն է մաղթել բոլորին և նշել. «Թող Ոստիկանության գվարդիայում ծառայելն ամեն ամսվա հետ լինի ավելի պատվաբեր, ամեն ամսվա հետ լինի ավելի հարմարավետ, շարունակեն զարգանալ ընդհանրապես Ոստիկանության և Ոստիկանության գվարդիայի ծառայողների սոցիալական երաշխիքները, որպեսզի Ոստիկանության գվարդիայի ծառայողն իմանա, որ իր ծառայության դիմաց վարձատրվում է համարժեք: Եվ մենք այս գործընթացը զարգացնելու ենք՝ փոխկապակցված յուրաքանչյուրի անհատական, ծառայողական, մասնագիտական որակների հետ։ Եվ դա ճանապարհ է, որն անցնում ենք և որը մենք պետք է անցնենք միասին»:
Նույն հաղորդագրության մեջ նաև լրացուցիչ մանրամասներ են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի մասին։ Ըստ այդմ, այն ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից է, նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով: Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոստիկանության գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։
Ոստիկանության գվարդիայի հիմնական խնդիրներն են՝ հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, ռազմական դրության իրավական ռեժիմի և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը մասնակցելը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցելը և քրեական վարույթն իրականացնող մարմիններին օժանդակելը:
Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ առաջին անգամ ուժի մեջ կմտնի ուժային միջոցների կիրառման միջազգային չափանիշներին համապատասխան նոր ստանդարտ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի և հատուկ տեխնիկայի գործադրման դեպքերի, հիմքերի և համաչափության պայմանների մասով: Առանց համապատասխան հատուկ պատրաստության՝ Գվարդիայի ծառայողը իրավունք չի ունենա կիրառել ուժային միջոցներ։
Ոստիկանության գվարդիայի ձևավորումը գալիս է առավելապես օգնելու, ավելի կազմակերպված դարձնելու նաև հավաքների ազատության իրավունքի իրացումը։ Կառույցի ստեղծման օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է միջազգային փորձաքննության դրական գնահատականին․ այն միտված է ներքին կայունության ու համերաշխության ապահովմանը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել